Կիրակի օրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` «Արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթել է»: Կասկած չկա, բայց դիմադրություն կա: Ամենամեծ դիմադրությունը ստեղծում է... սահմանադրությունը: Խորհրդարանական կառավարման համակարգում աբսուրդ է, որ վարչապետը և խորհրդարանական մեծամասնությունը տարբեր ուժերից են։
Եթե ստեղծված իրավիճակը ամփոփենք.
1. ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն ասում էր, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի՝ առճակատումից խուսափելու համար: Նրա հայտարարության տեքստը` «ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ-ի մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին» նվազագույնը վկայում է` Սերժ Սարգսյանը մնում է քաղաքականության մեջ, նա մնում է ՀՀԿ նախագահ: Այսօր է ՀՀԿ-ն հաշվի առնում ներքաղաքական իրավիճակը և ասում. «Մեզ համար ամենաառաջնայինը պետության շահն է, Հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, ներքին կայունությունը», շատ արագ ՀՀԿ-ն վերհիշելու է կուսակցական շահը և փոխելու է «Մենք առաջնորդվում ենք «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»` կարգախոսը:
2. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծականին, մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ասել է.
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին պատկերացումների դեմ, կարծում եմ, լիովին այլ ծայրահեղություն է»: Մեղմ ասած` սա Կարեն Կարապետյանի պարտության պատասխանն է և իր քաղաքական վերադարձը խոչընդոտելու: Ակնհայտ է, որ նոր կառավարության առաջին փոխվարչապետը չի լինի Կարեն Կարապետյանը: Նրան խաղից հանեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Գագիկ Ծառուկյանն ու ինքը` ՀՀԿ-ն: Ապրիլի 24-25-ին Կարեն Կարապետյանը գործեց քաղաքական սխալներ, որ անխուսափելի էին` հավատարիմ մնալով իր առաքելությանը Հայաստանում, հիմա նրան մնում է վերադառնալ ելակետ: Իսկ Ներդրողների ակումբի ճակատագի՞րը:
3. Հայաստանի բոլոր սահմանադրությունները կոնկրետ նախագահների համար են գրվել: 2015-ինը Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն էր, որ չար կատակ խաղաց ոչ միայն նրա, այլև պետության հետ` փաստացի Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական ճգնաժամը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրությամբ չի հանգուցալուծվում: Նոր իրավիճակն ու նոր Սահմանադրությունը բախվում են իրար` վարչապետը չի ունենալու խորհրդարանական մեծամասնություն և ամեն անգամ հարց է դառնալու` ինչպե՞ս կքվեարկեն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու հատկապես ՀՀԿ-ն:
4. Եթե ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն, իր մեծամասնությամբ հանգիստ կարող է տապալել վարչապետի ու կառավարության օրինագծերը, ի վերջո` գործունեությունը: Սկզբից առանձին նախարարների, հետո վարչապետին անվստահություն հայտնելով: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը արագ հանդիպել էր կուսակիցներին ու պահանջել միասնական լինել` միայն առնետավազքը կանխելու մեջ տեսնելով կուսակցության փրկությունը: ՀՀԿ-ն լինելով մեծամասնություն ԱԺ-ում, խորացնելու է քաղաքական ճգնաժամը և խաղարկելու է իր օգտին:
5. Բացի Ընտրական օրենսգիրքը ու ԿԸՀ-ի կազմը փոխելը ինչ-որ պահից օրախնդիր է դառնալու Սահմանադրությունը փոխելը:
6. Կարևոր հարցը` կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ե՞րբ:
Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը ասել է, որ մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն 2 ամսում, բայց պատրաստակամություն է հայտնել քաղաքական այլ ուժերի հետ քննարկել տրամաբանության սահմաններում ընտրություններն ավելի ուշ անցկացնելու հարցը: Որքա՞ն են «տրամաբանության սահմանները»: Ամեն կուսակցություն, ներառյալ արտախորհրդարանական, կարող է իր տրամաբանությունն ունենալ:
7. Հեղափոխությունը մայիսի 1-ին մտնելու է խորհրդարան, որ ապրիլի 17-ին փշալարարերով նրան դիմավորեց: Վաղը փշալարեր չեն լինի, կլինի երկրի կենսապահովման խնդիրը, որի վրայից հնարավոր չէ ցատկել` ինչպես փշալարի:
Համակարգը կա, հզորությունը` ևս: Ի՞նչն է խանգարում, որ անհրաժեշտ 53 ձայն կամ ավելին ստանալուց հետո ԱԺ-ն հաստատի կառավարության ծրագիրը ու վերացնի արտահերթ ընտրության անհրաժեշտությունը: Ընտրվելուց հետո առնվազն մեկ տարի ԱԺ-ն իրավունք չունի անվստահություն հայտնել կառավարությանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայկական թավշե հեղափոխության կոնկրետ հետևանքը` 23 տարի անց «պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում» ԵՊՀ-ն պատրաստ է նրան… դիպլոմ տալ: Արձագանքելով մամուլի հրապարակումներին ու ուսանողների ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը հայտարարել է. «ՈՒսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից», - նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՊՀ Facebook-ի էջում։ Զավեշտ, իսկ գուցե ԵՊՀ-ն ՆԻկոլ Փաշինյանին ընտրի նաև խորհրդի նախագա՞հ: